Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Հարցազրույց հեպատոլոգ Սերգեյ Հակոբյանի հետ

Հարցազրույց հեպատոլոգ Սերգեյ Հակոբյանի հետ

Մեր զրուցակիցն է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի Լյարդի վիրաբուժության և հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ Սերգեյ Հակոբյանը:


Բժիշկ Հակոբյան, վերջերս լույս տեսավ Ձեր հեղինակած «ЛЕЧЕНИЕ ОСЛОЖНЕНИЙ ЦИРРОЗА ПЕЧЕНИ» («Լյարդի ցիռոզի բարդությունների բուժումը») աշխատությունը, ինչպե՞ս  հղացավ մեթոդական ձեռնարկ գրելու գաղափարը:

– Նախ, թույլ տվեք, հատուկ շնորհակալություն հայտնել Med-Practic-ի խմբագրական անձնակազմին: Մեր ձեռնարկի մասին այն ամփոփ տեղեկությունը, որը զետեղվել էր ձեր կայքում, մեծ հետաքրքրություն է առաջեցրել բժիշկ-գործընկերների կողմից: Բազմաթիվ զանգեր ստացանք: Ասեմ որ, գիտագործնական ձեռնարկ գրելու գաղափարը մեզ մոտ վաղուց էր հղացել: Բանն այն է, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ը երկարատև ուսումնասիրություն է անցկացրել նման ախտահարում ունեցող հիվանդների բուժման հարցում: Լյարդի ցիռոզը բարդ հիվանդություն է, և ունի մահացության բարձր ցուցանիշ, իսկ վերջին տաս տարիների ընթացքում Հայաստանում լյրադի ցիռոզով հիվանդների զգալի աճ է նկատվում: 

Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ձեր գիտագործնական ձեռնարկը:

– Ստեղծել մի գիրք, որտեղ հնարավոր լինի համառոտ ներկայացնել վերոնշյալ հիվանդության և նրանից առաջացած բարդությունների մասին ժամանակակից մոտեցումները: Ձեռնարկում փորձեցինք վերլուծել այն ամենը, ինչ ձեռք էինք բերել  տարիների ընթացքում, նաև սեփական փորձի հիման վրա, բնականաբար, հիմնվելով համաշխարհային բժշկության մեջ ներկայացված գրականությանն ու  փորձին:  Մենք փորձել ենք ներկայացնել լյարդի ցիռոզ հիվանդության ո'չ միայն բարդությունները, այլ նաև ախտորոշման և կանխարգելման միջոցները: Աշխատությունը հետաքրքիր է նրանով, որ, բացելով մեկ տեղեկատվական դաշտ, նկատի ունեմ` ձեռնարկի էջերից մեկը, կարելի է շատ արագ տեղեկատվություն քաղել այս հիվանդության պատճառով հաճախ հանդիպող բարդությունների մասին և ո'չ միայն: Ձեռնարկը հիմնականում նախատեսված է այն բժիշկների համար, որոնք իրենց գործի բնույթով հաճախ են հանդիպում այս ախտահարմանը: Մենք անդրադարձել ենք նաև, թե  ինչպես պետք է վարվի բժիշկը այս կամ այն հարցում` վերոնշյալ բարդությունների ժամանակ: Եվ եթե մայրաքաղաքում նման տեղեկատվության հետ կապված հարցերը քիչ-թե-շատ լուծված են քաղաքային կլինիկաներում աշխատող բժիշկների համար, ապա մարզերում բնակվող բժիշկների համար` ո'չ: Այդ իսկ պատճառով մարզում աշխատող բժշկի միակ ցանկությունն է. հնարավորինս արագ հիվանդին Երևան տեղափոխելը: Ես այն կարծիքին եմ, որ մարզային հիվանդանոցներում էլ կարելի է լյարդի ցիռոզի ախտորոշման առաջին քայլերն անել:  Իհարկե, եթե հիվանդի մոտ ի հայտ են գալիս ավելի բարդ խնդիրներ, միևնույնն է, առաջանում է անհրաժեշտություն մարզից տեղափոխել ավելի մասնագիտական հիվանդանոց, քանի որ նման խնդիրներ ունեցող հիվանդները մասնագիտական բուժման կարիք ունեն: Ձեռնարկը հիմնականում նախատեսված է պրակտիկ գործունեություն ծավալող բժիշկների համար: Հուսով ենք, որ այն կհետաքրքրի  վիրաբույժներին, գաստրոէնտերոլոգներին, վարակաբաններին, ինչպես նաև կլինիկական օրդիանտորներին և բժշկական հաստատություններում սովորող բարձր կուրսի ուսանողներին, որոնք նման ամփոփ տեղեկատվություն ստանալու համար պետք է որ շատ ժամանակ ծախսած լինեին համապատասխան գրականության որոնման համար:

Ինչպե՞ս ներբեռնել  ձեր ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը:

– Առայժմ ձեռնարկը չունի էլեկտրոնային տարբերակ, փոխարենը մենք այն տպագրել ենք մեծ տպաքանակով: Ի դեպ` բաժանվում է անվճար: Մեր առաջնային խնդիրն է` գիրքը տարածել խոշոր կլինիկաներում, պոլիկլինիկաներում, ինչպես նաև` մարզային բուժհաստատություններում:

«ЛЕЧЕНИЕ ОСЛОЖНЕНИЙ ЦИРРОЗА ПЕЧЕНИ» («Լյարդի ցիռոզի բարդությունների բուժումը») աշխատությունը ներկայաված է ռուսերեն լեզվով, կա՞ արդյոք ցանկություն ներկայացնել մայրենի լեզվով:

– Կա այդ ցանկությունը, ավելին, ընդաձակ տարբերակը կներկայացվի միայն հայերենով, թեպետ լույս տեսած ձեռնարկի «Ամփոփում» խորագիրը ներկայացված է հայերեն լեզվով:

Դուք նշեցիք, որ լյարդի ցիռոզով հիվանդների զգալի աճ կա Հայաստանում: Ինչո՞վ է այն պայմանավորված:

– Նախ ասեմ, որ Հայաստանում` վարակաբանների տրամադրած վիճակագրության համաձայն, վիրուսային հեպատիտ B, C հիվանդությունների աճ կա, որին գումարվում է ալիմենտար (սննդային) գործոնը, այն է` ալկոհոլի չարաշահումը, դիսբալանսավորված սնունդը, թմրանյութերի չարաշահումը, հիգիենայի տարրական կանոններին չհետևելը: Վերոնշյալ գործոնների հանրագումարը լյարդի ցիռոզի պատճառ կարող են լինել:  Ավաղ, կլինիցիստներին դիմում են արդեն իսկ հիվանդության առավել ցարգացման շրջանում: Բանը նրանում է, որ լյարդի ցիռոզը, ասյպես կոչված, նենգ և տևական գաղտնի շրջան ունեցող հիվանդություն է և հիվանդը ո'չ մի գանգատ կարող է չունենալ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում լյարդի ցիռոզ հիվանդությունը:

– Եթե երկու բառով նկարագրել այս հիվանդությունը, ապա պետք է ասել, որ այս հիվանդության ընթացքում տեղի է ունենում լյարդի կենդանի բջիջների մեռուկացում, որոնք գործնականում վերականգնման չեն ենթարկվում: Մեր` կլինիցիստներիս, խնդիրն է` պահպանել լյարդում առկա կենդանի բջիջները: Ցավոք, բոլոր հայտնի բուժման մեթոդները չեն տալիս հարյուր տոկոսանոց արդյունք: Մենք հնարավորինս կանգնեցնում ենք այս հիվանդության հետագա բարդություններն ու փորձում երկարացնել կյանքը: Բոլոր բուժումներն ու վիրահատությունները ժամանակավոր բնույթ են կրում: Բայց, ինչպես ցույց է տալիս համաշխարհային բժշկության փորձը, կա ավելի հուսադրող և արդյունավետ տարբերակ` օրգանի տրասնպլանտացիա, որը, սակայն, Հայաստանում դեռևս մշակման փուլում է: Սա արդեն այլ զրույցի թեմա է:

Ի՞նչ պետք է իմանա հանրությունը` այս հիվանդությունը շրջանցելու համար:

– Առաջին հերթին յուրաքնաչյուրը պետք հոգ տանի իր սեփական առողջության մասին: Իրենից բացի ոչ ոք այն չի կարող անել: Եթե ամբողջ աշխարհում ընդունված է, որ մարդն անկախ ամեն ինչից` աշխատո՞ւմ է, թե` ոչ, պաշտո՞նյա է, թե՞ ծառայող… գոնե տարին մեկ անգամ պետք է կանխարգելիչ նպատակներով հետազոտություններ անցնի, ավաղ, մեր պարագայում այն չի կիրառվում: Շատ կարևոր է նաև գանգատներ ունենալու դեպքում չտարվել ինքնաբուժմամբ և ստանալ մասնագետի խորհրդատվություն:

 

Զրույցի վերջում, այնուամենայնիվ, փորձեցինք փոքր-ինչ պարզաբանել Հայաստանում լյարդի տրանսպլանտացիայի հեռանկարների թեման` հայտնելով օգտակար լինելու մեր պատրաստակամությունը: Պարզվեց` կարող ենք օգտակար լինել, և թիմն անիմջապես գործի անցավ: Շուտով կհրապարակվեն նախատեսած տարբերակներ, որոնք փոքր-ի-շատե կօգնեն հեռանկարի իրականացմանը, որում մեր բժիշկների և այցելուների անիջական մասնակցությունը հույժ կարևոր կլինի:

 

Հիշեցնենք, որ լույս է տեսել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի լյարդի վիրաբուժության և լյարդաբանության բաժանմունքի վարիչ Սերգեյ Հակոբյանի «ЛЕЧЕНИЕ ОСЛОЖНЕНИЙ ЦИРРОЗА ПЕЧЕНИ» («Լյարդի ցիռոզի բարդությունների բուժումը») աշխատությունը: Ձեռնարկը նախատեսված է վիրաբույժների, գաստրոէնտերոլոգների, վարակաբանների, ընտանեկան բժիշկների, ասպիրանտների, կլինիկական օրդինատորների և բժշկական համալսարանների բարձր կուրսի ուսանողների համար:

 

Այն անվճար տրամադրվելու է հիվանդանոցներին, պոլիկլինիկաներին, գրադարաններին, Հայաստանի ու Արցախի ուսանողներին և բոլոր ցանկացողներին:


Նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել Սերգեյ Հակոբյանի գիրքը, կարող են դիմել.


հասցե.  Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, փող. Ասատրյան 9,
հեռախոս.  +374 10 28 44 90,
էլ. Հասցե.  [email protected]

Հեղինակ. Վլադ Մուրադյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ